Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ՔԱՋՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐԱԿ»

«ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ՔԱՋՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐԱԿ»
26.01.2010 | 00:00

Հայաստանին նետված արտաքին ու ներքին մարտահրավերների շուրջ իր դիտարկումներն է ներկայացնում ԱԺ ՀՅԴ պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ
-Ցյուրիխյան արձանագրությունները ՍԴ-ն ճանաչեց Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան, հաջորդ քայլը Ազգային ժողովինն է: Ձեր կարծիքով` ի՞նչ ընթացք կունենա քննարկումը:
-Առաջին հայացքից թվում է` ընթացակարգային փակուղում ենք. մի կողմից` ՍԴ-ի վճիռը, մյուս կողմից` խորհրդարանական մեծամասնությունը, որի ներկայացուցիչներն արդեն հայտնել են իրենց տեսակետները։ Բայց հույսս չեմ կորցնում, կարծում եմ` քաղաքական մեծամասնությունը պարտավոր է խոհեմ և շրջահայաց լինել: ՍԴ-ն իր գնահատականներում վերահաստատեց այն բոլոր մտահոգությունները, որոնք նշում էին ՀՅԴ-ն և մեզ միացած քաղաքական ուժերը: Հստակ է` ականներ կան և մնում են: Շատ ցավալի է. արձանագրությունների բովանդակությունը մեկ անգամ ևս ակնհայտ դարձրեց քաղաքական, բանակցային գործընթացներում մեր պրոֆանությունն ու անճարակությունը: Եթե քաղաքական մեծամասնության համար Հայաստանի պետականության հեռանկարը, ազգային արժանապատվությունը, երկրի կայունությունը իրապես քաղաքական արժեքներ են, ապա իրավունք չունեն այդ իրողություններն անտեսել:
-Այսինքն, կարծում եք` խորհրդարանն արձանագրությունները չի՞ վավերացնի: Դա քաղաքական լավատեսությո՞ւն է, թե՞ ռոմանտիզմ:
-Իհարկե, նախընտրելին արձանագրությունները չվավերացնելն է, բայց կա նաև վերապահությունների տարբերակը: Քաղաքական ողջամտությունը լավատեսությո՞ւն է, թե՞ ռոմանտիզմ: Փաստ է, որ իրականում բազմաթիվ ծուղակային պարտավորություններով միջազգային պայմանագիր է վավերացնում, երբ կարող էինք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին երկու տողանոց արձանագրություն ունենալ, ինչպես տասնյակ պետությունների պարագայում: Քաղաքական լայնախոհություն պիտի դրսևորենք ու այն տեղավորենք աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, որոնք ակտիվանում են օր օրի: Որքան էլ պնդենք, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունները տարբեր հարթություններում են, այդ հարթությունները միավորում է տարածաշրջանը, որտեղ իրապես մեծ խաղի մասնակիցն ու դերակատարն ենք: Այդ համատեքստում պետք է կարողանանք պետական ու ազգային շահով առաջնորդվել։ Սեփական սխալները տեսնելու քաջությունն էլ է քաղաքական որակ։ Այլապես սխալները չտեսնելու և չշտկելու կարճամիտ համառության համար հատուցելու է յուրաքանչյուր հայ` այսօր և վաղը: Ես ուզում եմ արժանապատիվ ու կայուն երկրում ապրել, որտեղ սոցիալական համերաշխություն կա ու ապագայի տեսլական:
-Ի վերջո, մենք ի՞նչ ենք ուզում հայ-թուրքական հարաբերություններից:
-ՀՅԴ-ն երբեք դեմ չի եղել ու դեմ չէ սահմանների բացմանը: 21-րդ դարի զարգացող աշխարհում փակ սահմաններն անընդունելի իրողություն են: Մենք կողմ ենք բաց սահմաններին, բայց քաղաքականության մեջ և կյանքում ամեն ինչ ունի իր գինը։ Ի՞նչ գնով՝ Հայաստանի զարգացման, անկախության, անվտանգության, ի՞նչ մարտահրավերներով ենք այդ քայլին գնում: Ի՞նչ խնդիրներ են բերելու բաց սահմանները: Արդյոք ամեն ինչ լավ հաշվարկվա՞ծ է, քաղաքականությունը, ի վերջո, ճշգրիտ գիտություն է: Թուրքիայի քաղաքական մաքսիմում պահանջներն արձանագրություններում արտահայտված են: Թուրքիան համառ հետևողականությամբ շարունակում է իր արտաքին քաղաքականությունը` Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացների կանխումը: Լեռնային Ղարաբաղի հարցում էլ երբեք չի թաքցրել Ադրբեջանին անվերապահ հավատարմությունն ու փոքր եղբոր շահը։
-Գուցե պետք է ոչ թե հետևանքների հաղթահարման վրա ծախսել համազգային ներուժը, այլ պատճառի վերացմա՞ն. հայ-թուրքական հարաբերությունների հիմքում հողային հարցն է. պետականորեն ձևակերպե՞լ ենք մեր պահանջատիրությունը...
-Իրականում կարող էինք մեր պահանջատիրության մեջ ավելի կոշտ լինել, և այսօր Թուրքիան մեզ հետ նախապայմանների լեզվով չէր խոսի: Պատմական անարդարությունն ու մարդկության դեմ գործած ոճիրը, բարոյական կորուստներից բացի, շատ առարկայական, նյութական, տարածքային կորուստներ են պարունակում: Ցեղասպանությունը դեռ շարունակվում է սփյուռքի ուծացմամբ, Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգության ոչնչացմամբ: Սփյուռքում բնակվող 7 միլիոն հայերը կարող էին լինել ՀՀ քաղաքացիներ... Մեր չարդարացված նահանջներն այսօր թույլ են տալիս Թուրքիային մաքսիմալիստ լինել: Նախ` մենք պիտի Թուրքիայի հետ նախապայմանների լեզվով խոսեինք` կճանաչես ցեղասպանությունը, կգիտակցես հատուցումը, հետո կխոսենք հարաբերությունների մասին, մինչդեռ մենք Թուրքիայի հետ հարաբերությունների դաշտ մտանք անվերապահ բարեպաշտի թևերով:
-Գուցե խնդիրը թվաբանական էր. 70 միլիոնը` 3 միլիոնի դեմ:
-Պետականության համար, իհարկե, էական է բնակչության թիվը, բայց ամենաէականը, նախ, ներքաղաքական մշակույթի որակն է: Չափից դուրս հատվածավորել ենք հայ-թուրքական հարաբերությունները, մինչդեռ դրանք պիտի դիտարկել ընդհանուր քաղաքական համատեքստում: Այստեղ 3 միլիոնի գործոնը չէ վճռորոշը:
-Ինչո՞ւ ենք մենք հատվածականության ճանապարհն ընտրել` ամբողջին ուժներս չի՞ պատում, թե՞ խելքներս չի կտրում:
-Կարծես թե անհատի մակարդակով խելքի պակաս չունենք, մեր հավաքական խելքն է, որ ռացիոնալ չի դառնում։ Հայ-թուրքական խնդիրը բացառիկ զգայուն, նույնքան պրագմատիկ ու հեռանկարային, խորապես ազգային հարց է, ինչո՞վ բացատրել այն անտարբերությունը, որ հայաստանցին ունի այդ խնդրի վերաբերյալ: Ինչո՞վ բացատրել, որ պետական քարոզչամեքենան կարող է հայ-թուրքական հարաբերությունների հարցը «լուծել» Բայանդուր գյուղի բնակչի մակարդակով` «Սահմանը բացվի, գնամ թուրք խնամուս տեսնեմ...»:
-Իսկ ո՞վ է մեղավոր:
-Շատ հարցեր կստանան իրենց պատասխանները, եթե անկեղծ գնահատականներ տրվեն պետական ինստիտուտներին։ Պատճառը պետք է տեսնել ներկա քաղաքական մշակույթի իրողություններում: Հայաստանում ընտրությունները ոչ թե ընտրական օրենսգրքով են կազմակերպվում, այլ սափրագլուխներով ու ընտրակաշառքով, դատավորները դատախազներ են, դատական համակարգն անկախ չի, կոռումպացված, խեղված իրականություն է: Ամենասարսափելի հարցը` ինչպե՞ս եղավ, որ ազգային հարցն այդքան օտարվեց հայ մարդուց:
-Ամենասարսափելին ամենապարզ պատասխանն ունի` հայ մարդը ինքն իրեն օտարվեց:
-Ինչո՞ւ այսքան հուսահատ, հոռետես դարձրինք ժողովրդին: Ամենամեծ դեֆիցիտը Հայաստանում հավատի, արդարության, բարոյականության դեֆիցիտն է, մենք բարոյապես պարտված ենք:
-Ո՞Ւմ ենք պարտվել, մենք մե՞զ:
-Ներքին պարտության համապատկերում արտաքին պարտությունները մեկնաբանելի են: Երկրի ուժայնությունը միայն բնական ռեսուրսներով չի պայմանավորվում: Հզոր կայսրություններ են փլուզվել: Ֆոլկլորը ժողովրդի հավաքական մտածողության արտահայտությունն է: Այսօր ամենատարածված անեկդոտը` «Ինձ էլ ինչ կտաս` կտաս»-ն է, ասացվածքը՝ «Եղունգ ունես՝ գլուխդ քորի»: Ինչո՞ւ, որովհետև հարազատ են մեր կենսակերպին ու հոգեկերտվածքին:
-Ազգի հավաքական միտքն ինչո՞ւ ընտրեց «Ինձ էլ ինչ կտաս»-ը, երբ միջազգային փորձում կար նաև «Ես ի՞նչ եմ տալու» ճանապարհը:
-Մենք դեռ չկայացած կամ կայացող հասարակություններին բորոշ «Ինչ անելու» որոնումներում ենք։ Միգուցե 600 տարի չունեցած պետականության դիմաց ենք հատուցում:
-Գուցե մեր հոգեկերտվածքն է 600 տարվա պատճառը, ոչ թե հակառակը:
-Իշխանության որակը հասարակության հավաքական պատկերի արտահայտությունն է: Բայց սա չի ազատում քաղաքական էլիտային ու իշխանությանը հասարակության բարեփոխման, չափանիշներ սահմանելու պատասխանատվությունից։ Հավատում եմ նաև անհատի պատմական դերին: Իշխանությունը պարտավոր է բարձրագույն գիտակցություն ունենալ` հասկանալու, որ այսպես շարունակելն անհնար է: Կործանվում է ոչ միայն այսօրվա, այլև վաղվա գոյության դաշտը: Եթե չի գիտակցվում, որ կեղծիքներով, հեռախոսային կառավարմամբ, օրենքներն արհամարհելով, կոռուպցիայով, օլիգարխներով շարունակել հնարավոր չէ, պետք չէ հասարակությանը մեղադրել հոռետեսության համար: Երիտասարդության 70 տոկոսն իր ապագան տեսնում է ՀՀ սահմաններից դուրս։ Երկրի նախագահը, վարչապետն իրականության ճիշտ ախտորոշումներում ընդդիմությանը չեն զիջում ...
-Մի՞թե վատ է:
-Հիանալի է, բայց եթե ոչինչ չի փոխվում, ընդամենը ճշմարտություններն են արժեզրկվում: Երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, առանցքը հայ-թուրքական հարաբերություններն էր, բայց մենք բավարարված չէինք նաև հուշագրում ամրագրված 22 պարտավորությունների ընթացքով:
-Առաջին հայացքից անկապ հարց` Հռոմի սուրբ Պետրոս տաճարը նախագծեց Բրամանտեն ու վախճանվեց, կառույցը շարունակեցին 7 ճարտարապետներ, մինչև առաջարկվեց Միքելանջելոյին` ավարտին հասցնել այն: Միքելանջելոն ուսումնասիրեց ու հասկացավ, որ հանուն կառուցվելու` տաճարը պիտի քանդվի: ՈՒ քանդեց, նորից փորեց հիմքերը: Սուրբ Պետրոսը 500 տարի կա, մի այդքան էլ հաստատ կլինի: Ե՞րբ ենք մենք մեր սուրբ Պետրոսը կառուցելու: Ե՞րբ ենք հասկանալու, որ հասարակական կյանքում գործում են նույն օրենքները, ինչ բնության, գիտության, մշակույթի:
-Հրանտ Մաթևոսյանն ասում էր, որ ամբարտավանները, պոռոտախոսները, զորբաներն իրենց աղմուկով լցրել են ասպարեզը, և իր ձայնն այսօր պետք չէ, բայց նույն հոդվածում մի շատ պարզ ճշմարտություն էլ կար` «Ես հավատում եմ յուրաքանչյուրի և ամեն մեկի ազնիվ ճիգին»: Պատասխանատվության դաշտը քաղաքական ճարտարապետներինն է, ովքեր պիտի հասկանան, որ հայ ժողովրդի լինելությունը վտանգված է այն աստիճան, որ արդեն այսօր հրատապ է «Ես ավերակացս զի՞նչ թագավորեմ» հարցը: 21-րդ դարն արագությունների դար է, թեկուզ Հայաստանը մեծ արագությունների երկիր չէ, բայց չենք կարող, մի կողմից, պոռոտախոսել եվրոպական արժեքներից, մյուս կողմից` մնալ միջնադարյան արևելյան կլանային երկիր:
-Հրանտ Մաթևոսյանին երբ հարցնում էին` ո՞վ է այսօրվա հայը` Իշխա՞նը, թե՞ Ավետիքը, ասում էր` Իշխանն էլ, Ավետիքն էլ: 2000-ին նա արդեն գրում էր` «Մենք մեզ սիրելի չենք»։ Եվ դա ազգային միասնության, հանդուրժողականության, ոգեղենության, արժանապատվության համարյա 10-ամյա հզորագույն քարոզից հետո: Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ մենք մեզ սիրելի դառնանք:
-Երբ գերիշխեն անհատի նվիրումը, սերն ու տիրոջ զգացողությունը: Երբ ունենանք համակարգային լուծումների, հեղափոխական լինելու համարձակություն ու ազնվություն: Երբ հանդիպեն պարկեշտ քաղաքացին և նվիրված իշխանավորը: Երբ ազգային միտքն ու ազգային կապիտալը միասին որոնեն «ի՞նչ անելու» բանաձևը։ Մհերի քարանձավ մտնելու պես ստացվեց...
-Հրանտ Մաթևոսյանն ասում էր` ժամանակն էլ է հայրենիք:
-Հայրենիքը միայն աշխարհագրություն չէ, պետք է սիրես ու նվիրվես: Մեզ պակասում է քաղաքացին: Մի տեսակ գնացող ժողովուրդ ենք...
-Ամեն քայլափոխին քաղաքացուն ոչնչացնելուց հետո քաղաքացի որոնելը իմաստ ունի՞:
-Այլընտրանք չունենք, թեև քաղաքացին խաբվելու ռեսուրսները սպառել է ու դարձել խորապես անտարբեր:
-Մշակույթ և քաղաքականություն. ի՞նչ կապ ունեն իրար հետ:
-Այսօրվա տարտղնված-իներտ հասարակության ձևավորման մեղավորը իշխանություններն են, որ չեն ընդունել մշակույթի մեծ պրագմատիզմը, չեն ընկալել, որ անհնար է լուծել սոցիալական, տնտեսական, ռազմավարական խնդիրներ, եթե բավարար մշակութային հենք չկա: Մշակույթը մտածողության համակարգ է, որը քաղաքացուն քաղաքացի է դարձնում, պաշտոն-յային` երկրի ճարտարապետ:
-Իշխանությա՞ն, թե՞ մտավորականի մեղքն է, որ մշակույթն ու գիտությունը իշխանության սպասավորն են դարձել:
-Սուրը երկսայր է, իշխանությունը միշտ գտնում է նրանց, ովքեր կծառայեն, բայց արդյունքում հասարակությունը հիասթափվում է մտավորականից, որովհետև նրա մեջ ոչ թե պալատական երգչի է որոնում, այլ իր ցավի արտահայտչին: Այս 20 տարիներին կիլոգրամներով մեդալներ ու շքանշաններ ստացած «մտավորականներից» ավելի կարևոր են մի լավ պատմվածքը, երգը կամ կտավը, որ ներգործում է մարդու մտքի ու զգացմունքների վրա:
-1946 թվականից Ստալինին խղճի ու սրտի մտոք ծառայած ԽՍՀՄ գրողների միության նախագահ Ալեքսանդր Ֆադեևը 1956-ին ինքնասպան եղավ` «Հնարավոր չէ ապրել, երբ կործանված է արվեստը» գրելով ու մեղքի մեծագույն գիտակցությամբ: Ելք չէր, բայց ազնիվ էր: Գուցե սխալ, բայց մտածող մարդու քայլ էր: Սեփական սխալների հատուցում: Քանի՞ Ֆադեև կգտնես հիմա` իր գործունեության գնահատման խիզախության առումով:
-Սպիտակ թղթին ու խղճին հավատարիմ մնացած տիրոջ տեսակն էլ կա, բայց իշխանությունը քաջալերում է վերարտադրվող ծառաներին:
-Իշխանության իրավունքն է` ապահովել իրեն հավատարիմ ու անհրաժեշտ մարդկանցով բոլոր ասպարեզներում: Բայց երբ չես վաճառվում, չեն փորձում քեզ գնել:
-Ողջամիտ ու իմաստուն իշխանությունը, որ ուզում է կայուն արժեքներ ունենալ, պահանջատեր կփնտրի, ոչ թե սպասյակ: Նման շքախումբը վարկաբեկում է արքային: Պատմության մեջ եղել են տասնյակ տիրակալներ, որ առաքինության արժեքներ են դավանել ու իրենց խեղկատակներով չեն շրջապատել: Խելոք մարդիկ իրենց շրջապատում են խելոք մարդկանցով: Ցավոք, այսօր կեղծիքը, քծնանքը, բաժակաճառային մտավորականությունը գին ունեն: Մեզ կփրկի ազգային մոբիլիզացումը:
-Ազգը մոբիլիզացնում է արտաքին վտանգը, սովորաբար:
-Մտածողության կարծրատիպ է, թե ամենավտանգավորն արտաքին վտանգն է: Արտաքին բոլոր վտանգները ոչինչ են, եթե ներքին իմունիտետ ունես: Մենք չունենք ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական, ո՛չ մշակութային իմունիտետ, և երբ որևէ երկիր մեզ հետ խոսում է նախապայմանների լեզվով, ուրեմն շատ լավ հաշվարկել է մեր ներքին ռեսուրսները, մեր ազգային համախմբվածության աստիճանը: Իսկ մենք չունենք ազգային կոնսենսուսի այն մակարդակը, որը բավարար է պետականության համար: Մեր ներքին մարտահրավերները շատ ավելի լուրջ են արտաքին մարտահրավերներից:
-Ճշմարտությունը ճշմարտություն է դառնում բարձրաձայնելով, ո՞վ այսօր կհանդգնի ճշմարտության մունետիկ լինել:
-Սուտն այնքան սարսափելի չէ, որքան կիսաճշմարտությունը և վարկաբեկված գաղափարները: Կարևոր է, թե ճշմարտությունն ում շուրթից է հնչում: Բայց երբ «գաղափարակիրներն» ու իրականությունը 180 աստիճանով միմյանց հակասում են, ժամանակ է պետք, որ վարկաբեկված գաղափարները վերականգնեն իրենց իրավունքներն ու վերադառնան մարդկանց:
-Ինչո՞վ է ժողովրդավարությունը տարբերվում բռնապետությունից: Բռնապետության ժամանակ ոչինչ չես կարող ասել` ասող չկա, ժողովրդավարության ժամանակ կարող ես ամեն ինչ ասել` լսող չկա: Մեր դեպքում և՛ ասող չկա, և՛ լսող չկա, ելքն ասպարեզը լռությանը զիջե՞լն է:
-Ինչքան կենսունակ են Խորենացին իր «Ողբով», Գոշն իր «Դատաստանագրքով», Թումանյանն իր հրապարակախոսությամբ: Հայ քաղաքական միտքն իր բոլոր դեգերումներում երկու բանաձևից դուրս չի եկել` Տիզբոնից մարզպան բերելու և ռուսաց թագավորին նամակ գրելու: Մեր բոլոր վերլուծությունները բախտագուշակության շրջագծում են, գլխավոր հարցը` Մոսկվան ի՞նչ կասի, Վաշինգտոնն ու Բրյուսելն ի՞նչ կասեն... Այնինչ մեր հարցը մենք ենք, մեր մեջ պիտի փնտրել՝ մեր տունը մեզանից լավ ոչ ոք չի կառուցի:
-Վազգեն Սարգսյանն ասում էր` մեզ կողմնորոշում պետք չէ, մեզ ինքնորոշում է պետք:
-Ինքնություն հասկացությունը սովորաբար սփյուռքում ենք որոնում: Ինքնություն-ինքնորոշումը` ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում հարցի պատասխանի մեջ է: Եթե նախորդներդ հարցին չեն պատասխանել, դառնում է հավերժական շեքսպիրյան հարց: Երբ իմունիտետ չունես, բաց ես բոլոր կենտրոնների առաջ ու խոցելի: Մեր ողջ պատմությունը կորուստների պատմություն է, ու պատմությունը դաս չի դառնում մեզ համար: Տիգրան Մեծից հետո շագրենի կաշվի պես փոքրացած երկիր ենք, վերածվել ենք ներքին նվաճողի և մեր իրավունքները միշտ ուրիշների ազատության հաշվին ենք իրացնում:
-Կա պարզ ճշմարտություն` այսօր չարածդ վաղը չես անի:
-Չարածի պտուղները ճիտին պարտք են դառնում, ինչպե՞ս ենք դիմանալու:
-Ի՞նչ է Երևանը քեզ համար:
-Տունս՝ ամեն առավոտ իմ պատշգամբից երևացող Արարատի գրկում։ Ես Երևանը սիրում ու զգում եմ իր հոտով։ Ամեն քաղաք միայն իր հոտն ունի:
-Իսկ Երևանը սիրո՞ւմ է քեզ:
-Անպայման, սերը միշտ հատուցվում է: Իմ աղոթքներում Հայաստանն ու Երևանը կան, նույնիսկ իր ներկա քաղաքաշինական այլանդակություններով: Երևանի քաղաքապետի որոշումը կար` 2005-ից Հանրապետության հրապարակի շենքերից բարձր շենքեր շրջակայքում չկառուցել, և ի՞նչ:
-16-րդ դարում Հռոմի պապն արգելեց սուրբ Պետրոսի տաճարից բարձր շենք կառուցել քաղաքում: 500 տարի որոշումը գործում է, որովհետև, բացի քաղաքականից, մշակութային ենթատեքստ ուներ, որ իտալացիները հասկանում են... Չասեմ` ում և ինչի մասին է համեմատությունը:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1669

Մեկնաբանություններ